Ամենամսյա ֆլեշմոբ մաթեմատիկայից

Յուրաքանչյուր ամսվա (այդ թվում՝ և ամառային) վերջին չորեքշաբթի օրը կազմակերպվում է բաց ֆլեշմոբ մաթեմատիկայից: Չորս տարիքային խմբերի համար՝ մինչև 3-րդ դասարանցիներ, 4-5-րդ դասարանցիներ, 6-8-րդ դասարանցիներ, 9-12-րդ դասարանցիներ, առաջարկվում են տասական խնդիր: Խնդիրները այդ օրը՝ ժամը 19:00, հրապարակվում են կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթկայքերում, մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի բլոգում: Ֆլեշմոբին կարող է ցանկացած մարդ մասնակցել: Կրթահամալիրի դասվարների և մաթեմատիկա դասավանդողների համար մասնակցելը պարտադիր է: Մասնակիցները պատասխանները պետք է ուղարկեն նույն  օրը, մինչև ժամը 22:00: Առաջադրանքները կազմելու համար ամսվա սկզբում մաթեմատիկա դասավանդողներից ընտրվում են պատասխանատուները՝ մեկ պատասխանատու մինչև 3-րդ դասարանցիների, 4-5-րդ  դասարանցիների տարիքային խմբի համար, մեկը՝ 6-8-րդ դասարանցիների և մեկը՝ 9-12-րդ դասարանցիներ տարիքային խմբերի համար: Մինչև 3-րդ, 4-5-րդ  դասարանցիների տարիքային խմբի պատասխանատուն կարող է մեկ-երկու օգնական ընտրել դասվարներից: Մյուս դասավանդողները պատասխանատուներին օգնում են խնդիրներ տրամադրելով:

Ստացված պատասխանները գրանցում է ծրագիրը: Պատասխանները տրամադրվում են ֆլեշմոբների և օլմպիադաների համար պատասխանատու դասավանդողին: Կրտսեր դպրոցներում սովորողների աշխատանքները ստուգելու պատասխանատուն այդ դպրոցում մաթեմատիկա դասավանդողն է: Նա  մինչև 3-րդ դասարանցիների աշխատանքները տալիս է ստուգելու այդ դասարանի դասվարին, իսկ ինքը ստուգում է 4-5-րդ  դասարանցիների աշխատանքները: Միջին և ավագ դպրոցների սովորողների աշխատանքները ստուգում են համապատասխան պատասխանատուները: Այլ դպրոցներից մասնակցած սովորողների աշխատանքները ստուգում է  ֆլեշմոբերի և օլիմպիադաների համար պատասխանատու դասավանդողը, ում մոտ հավաքվում են բոլոր արդյունքները: Նա հավաստիանալով, որ ստուգված են բոլոր աշխատանքները, կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոցի տնօրենին ուղարկում է նրա դպրոցի սովորողների արդյունքները: Ոչ կրթահամալիրից մասնակցած յուրաքանչյուր սովորող կցվում է մաթեմատիկա դասավանդողներից մեկին, ով այդ սովորողին ուղարկում է նրա արդյունքը, խնդիրների պատասխանների հղումը. հետը էլեկտրոնային կապ է պահպանում, նրան խրախուսելով մասնակցել հաջորդ ֆլեշմոբերին և այդ աշխատանքում ներգրավել իր ծանոթներին:

Խնդիրների լուծումները քննարկվում են մաթեմատիկայի ուսումնական կենտորոնում (հնարավոր է՝ առցանց եղանակով): Կրտսեր դպրոցում մաթեմատիկա դասավանդողը այդ դպրոցի դասավարների հետ քննարկում է մինչև 3-րդ դասարանցիների տարիքային խմբին առաջադրված խնդիրները: Դասվարները խնդիրների լուծումները քննարկում են իրենց սովորողների հետ: Մաթեմատիկայի ուսուցիչը ֆլեշմոբից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, այդ տարիքային խմբին առաջադրված խնդիրները քննարկում է դասի ժամանակ:

Ֆլեշմոբից մեկ շաբաթ հետո կրթահամալիրի կաքում, դպրոցների ենթակայքերում, մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի բլոգում տեղադրվում են առաջադրված խնդիրների պատասխանները: Ֆլեշմոբից երկու շաբաթ հետո մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի բլոգում տեղադրվում են խնդիրների լուծումները:

Յուրաքանչյուր ֆլեշմոբից հետո կատարվում և հրապարակվում է արդյունքների վերլուծություն:

Ֆլեշմոբներին բարձր արդյունքներ ցույց տված սովորողները սահմանված կարգով պարգևատրվում են ճամբարի ուղեգրով: 

Բաժին: