Հայաստան 20.18-2018թ՝ Հայաստանը ամենանորարար երկրների շարքում

Նոյեմբերի 13-ին Դիջանում մեկնարկեց «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը: Ֆորումին մասնակցում էին հայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական, կրթական և ինովացիոն այլ ոլորտների մասնակիցներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:

Այսօրվա օրակարգի ուղղություններն էին ինովացիոն էկոհամակարգերը, ինովացիան և կրթությունը: Ֆորումի հիմնական խոսնակը Իսրայելի Թել Ավիվի համալսարանի StartTau Ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրեն Ելենա Դոնեթսն էր: Նա կորպորատիվ ընկերություններին խորհրդատվություն է տրամադրում ինովացիոն կենտրոնների ստեղծման և աքսելերացիոն ծրագրերի ներդրման վերաբերյալ: Տիկին Դոնեթսը ներկայացրեց իսրայելական նորարարությունները, կիսվեց իր փորձով և խորհուրդ տվեց չվախենալ ձախողումից, որովհետև ձախողումներն են, որ ավելի մեծ հաջողություն են բերում:

Երկրորդ նստաշրջանում նախատեսվում էր, որ զեկույցով հանդես կգա ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը, սակայն ինչպես նախորդ տարի, այս տարի էլ պարոն նախարարը խիստ զբաղվածության պատճառով ներկա չէր ֆորումին, և կրթությունը նորարարցնելու հետ կապված հարցերը, մտահոգությունները ներկաները ստիպված էին առանց պատասխաններ ստանալու ուղղակի բարձրաձայնել: